Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Մեզ մոտ հեղափոխությունը շատ ավելի ծանր ու ցնցումային կլինի»

«Մեզ մոտ հեղափոխությունը շատ  ավելի ծանր ու ցնցումային կլինի»
31.01.2014 | 01:16

Գյուլ-Օլանդ հանդիպմանը ցեղասպանության առնչությամբ հնչած հայտարարությունը վերջին օրերին հայկական լրատվամիջոցներում քննարկման թեմա է դարձել։ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ նշեց, որ վերջին շրջանում Փարիզից տեղեկություններ է ստանում, որ այն, ինչ հայկական մամուլն է հրամցնում իր ընթերցողին, ֆրանսիական ԶԼՄ-ներում այլ կերպ է ներկայացվում։ «Ֆրանսիայում Օլանդի այցելությունը մեկնաբանվում է հազար ու մի ձևով, և ոչ մի խոսք չկա ցեղասպանության խնդրի առնչությամբ։ Կան նաև տեսակետներ, որ Օլանդը նման ձևակերպմամբ չի ասել, թե Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը»,- ասաց մեր զրուցակիցը։ Հրանուշ Խառատյանն անդրադարձավ նաև ուկրաինական դեպքերին ու Հայաստանում դրանց հնարավոր կրկնությանը։

-Հայաստանում շատերն են քննարկում, թե ինչու մեզանում Մայդան չի լինում։ Ձեր դիտարկմամբ` որքա՞ն է հավանական նման հեղափոխական իրավիճակ Հայաստանում։
-Նախ, համաձայն չեմ, որ Հայաստանում Մայդան չի լինում։ Այլ բան է, թե դա ում ճաշակով է։ Օրինակ, 2008-ի փետրվարի վերջին մեզ մոտ իրավիճակը լիովին մայդանային էր։ Պարզապես այն հաջորդեց ընտրություններին ու, չգիտես ինչու, դիտվեց որպես քաղաքական առճակատում կուսակցական խմբերի միջև։ Մարդիկ չէին կանգնել կոնկրետ մի քաղաքական ուժի հետևում, այլ գործող իշխանության սկզբունքներին ու կարգին էին դեմ։ Մեծ հաշվով, դա քաղաքացիական երևույթ էր։ Այնպես որ, չեմ կարծում, թե Հայաստանում սկզբունքորեն չի ձևավորվում հեղափոխական իրավիճակ։ Խնդիրն այն է, որ ՈՒկրաինայի այսօրվա իրադարձությունները ծավալվեցին Մաքսային միությանն անդամակցելու առիթով և ունեցան նաև այլ բովանդակություն։ Յանուկովիչյան իշխանությունից ուժասպառ եղած ժողովուրդը ոտքի կանգնեց, տարբեր բևեռներ ստեղծվեցին։ Եթե համեմատում ենք մեր և ՈՒկրաինայի` Մաքսային միությանն անդամակցության գործընթացները, կոռեկտ չէ զուգահեռներ անցկացնելը։
-Ինչո՞ւ, ի՞նչ տարբերություններ կառանձնացնեիք։
-Կան մի քանի պատճառներ, որոնց զգալի մասը օբյեկտիվ է։ ՈՒկրաինան փակ սահմաններ չունի, իսկ մեր սահմանների 80 տոկոսը փակ է։ ՈՒկրաինան աշխարհագրորեն «կպած» է Եվրոպային, իսկ Հայաստանը նույնիսկ Ռուսաստանին «կպած» չէ, էլ ուր մնաց` Եվրոպային։ ՈՒկրաինան շրջապատված չի իսլամական և թշնամական երկրներով, եթե այդպիսին չհամարենք Ռուսաստանը։ Այնուամենայնիվ, ՈՒկրաինա-Ռուսաստան հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ ոչ մի աղերս չունեն։ Վերջին հաշվով ՈՒկրաինան պատերազմական իրավիճակում կամ դրա սպառնալիքի տակ գտնվող երկիր չէ։ Իհարկե, շատերը չեն բացառում, որ Ռուսաստանը ՈՒկրաինային պատերազմ կհայտարարի, բայց սա ուղղակի սպառնալիք չէ, իսկ մենք կասեցված պատերազմական վիճակում ենք։ ՈՒկրաինան ունի ուժեղ տնտեսություն, իսկ մենք չունենք։ Հայաստանի ժողովուրդը, այնուամենայնիվ, բավականին սթափ գիտակցում է կովկասյան տարածքում իր անկլավային վիճակը, որի իրական վերահսկումը իրականացնում են Թուրքիան և Ռուսաստանը, ըստ իրավիճակի` նաև ԱՄՆ-ն ու մյուսները։ ՈՒկրաինան նաև, ի տարբերություն Հայաստանի, չունի այնպիսի հարևաններ, որոնք իրար հետ խնդիր ունեն։
-Փաստորեն, հաշվի առնելով Ձեր թվարկած պատճառները, Հայաստանի ընդդիմությունը չի՞ կարող շոշափելի արդյունքներ արձանագրել։
-Հայաստանի ընդդիմությունը, այդ թվում` քաղաքացիական ըմբոստացումները և քաղաքական կուսակցությունները միշտ ունեն ինքնազսպման մի առարկա, որը թույլ չի տալիս ըմբոստությունը հասցնել տրամաբանական ավարտի։ Տագնապը շատ առարկայական ու իրական է, դրան զուգահեռ և՛ իշխանությունը, և՛ ժողովուրդը շատ սթափ գիտակցում են, որ Ռուսաստանը որոշակի իրավիճակում կարող է Ադրբեջանի միջոցով պատերազմ սկսել։ Այս մասին իշխանությունները շատ հաճախ հիշեցնում են ժողովրդին։
-Ստացվում է, իշխանությունը հանգիստ է այն առումով, որ ընդդիմությունը չի գնա ծայրահեղ միջոցների, որովհետև կա պատերազմի վերսկսման սպառնալիք, ու այն օգտագործում է իշխանությունը պահելու համար։
-Այո, իշխանությունը տարբեր ձևերով հիշեցնում է այդ տագնապների մասին ու օգտագործում այն։ Ի դեպ, որպես տարբերություն պիտի նշել, որ ՈՒկրաինան ունի երիտասարդների մեծ ներուժ, իսկ հայաստանյան արտագաղթը, հասկանալի է, ինչ չափով է դատարկում մեր երկիրը։ Մի երկիր, որտեղ ժողովրդագրական կառուցվածքը լրջորեն խախտված է, որտեղ բնակչության 20 տոկոսն անցել է 60 տարեկանի շեմը, որտեղ սոցիալական նպաստի կարիք ունեցողների և աշխատողների թիվը հավասար է, չի կարող ունենալ այն լիցքը, որն այսօր ունի ՈՒկրաինան։ Սրանք լուրջ պատճառներ են, որոնք թույլ չեն տալիս համեմատության եզրեր փնտրել ՈՒկրաինայում և Հայաստանում։
-Այս իրավիճակում Հայաստանը բարեփոխելու ճանապարհը ո՞րն է։
-Այս պահին չեմ տեսնում, որ իշխանական բուրգը պատրաստվում է երկրի բարեփոխմանն ուղղված որևէ ռեալ քայլ անելու։ Մյուս կողմից, կարծում եմ, այլևս այսպես շարունակել անհնար է, բայց նաև երրորդ կողմի օգնությունն այս գործընթացին չեմ տեսնում։ Իրավիճակի փոփոխությունը տեսնում եմ հեղափոխության միջոցով։ Մյուս կողմից, հեղափոխության սպառնալիքն այն է, որ ուժային կառույցներն անվերապահ ենթակայություն ունեն։ Դարձյալ օբյեկտիվորեն հասկանալի է։ Բանակը, նախ և առաջ, պետք է սահմանում լինի ու կենտրոնացած իր բուն առաքելությանը։ Մարդկանց գիտակցության մեջ դեռ թարմ է այն հիշողությունը, որ բանակը կարող է օգտագործվել ժողովրդի դեմ։ Այս պայմաններում հեղափոխությունը շատ ավելի ծանր ու ցնցումային կարող է լինել։
-Հեղափոխությունը, ըստ Ձեզ, Հայաստանի համար ցնցումային է լինելու, բայց փոքր ըմբոստացումները, ինչպես կենսաթոշակային կուտակային համակարգի պարագայում, կարծես, գոնե ժամանակավոր դրական արդյունքների են հանգեցնում։
-Անշուշտ, այդ շարժումները դրական քայլեր են արձանագրում։ Սկսած անցյալ տարի Մաշտոցի պուրակի իրադարձություններից, դրանք շարունակական նոր լիցքեր են կրում։
-Արդյո՞ք դրանք զուտ իրավիճակային լուծումներ չեն, որոնք իշխանությունները կիրառում են որպես զսպաշապիկ քաղաքացիական ըմբոստության դեմն առնելու համար։
-Անկասկած, «Դեմ եմ» շարժումն ուղղված է շատ կոնկրետ խնդրի, որի մասին պարբերաբար հայտարարում են։ Այդ խնդրի լուծման դեպքում շարժումը կարող է փոշիացվել, ինչը համարյա անխուսափելի է։ Բայց այն կարող է համապարփակ փոփոխությունների կողմնակիցներին ևս հրապարակ բերել և նպաստել հասարակական դիմադրողականության մեծացմանը։
-Ի՞նչ է լինելու, ի վերջո, կուտակային կենսաթոշակային համակարգի «ճակատագիրը»։
-Վստահ եմ` երկու ամիս հետո օրենքում կետային փոփոխություններ կլինեն, իսկ այսօր անորոշությունները շատ են, իրավական լուծումների անհրաժեշտություն է զգացվում։


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ